Sunday, 10 May 2015

Մինչ նոր հանդիպում...



Երբ առաջին անգամ ոտք դրեցի կրթահամալիր, չէի էլ պատկերացնում, որ էստեղի միջավայրն ինձ այսքան հարազատ կդառնա ու այսքան դժվար կլինի դպրոցիս հրաժեշտ տալը: Երեք տարում այնքան եմ ընտելացել ու սովորել այս մթնոլորտին, որ չեմ պատկերացնում կրթահամալիրից հետո ինչ կլինի: Ի՞նչ կլինի, եթե չլինի կրթահամալիրին հատուկ ազատությունը, ի՞նչ կլինի, եթե չլինեն մեր առավոտյան պարապմունքներն ու մեդիաուրբաթները, և ամենակարևորը ի՞նչ կլինի, եթե լինեն պատեր: Կրթահամալիրը հասարակ դպրոց չէ՛, երբեք չի՛ եղել ու չի՛ էլ լինի: Իրականում ինչ էլ գրեմ չեմ կարողանա արտահայտել գոնե կեսն այն ամենի, ինչ ինձ տվել է այս դպրոցը, բայց չգրել էլ չեմ կարող: Կհարցնեք՝ ի՞նչ է ինձ համար կրթահամալիրը, ասեմ՝ կրթահամալիրը ինձ համար ընտանիք է: Ես էստեղ ունեմ ծնողներ, ունեմ քույրեր ու եղբայրներ, մենք բոլորս ունենք սովորույթներ, որոնց պետք է հետևենք, ունենք պարտականություններ, որոնք պետք է կատարենք և, ինչպես բոլոր ընտանիքներում, ունենք մեր բաժին ազատությունը, որը տնօրինում ենք մենք:
   Միշտ հպարտությամբ եմ խոսում ուրիշների մոտ կրթահամալիրի մասին և միշտ էդպես էլ խոսելու եմ: Կրթահամալիրում սովորել եմ սովորել ազատ և հաճույքով և, որ ավելի կարևոր է, գործնականում կիրառել սովորածը: Էստեղ ամեն ինչն է ուրիշ, և՛ միջավայրը, և՛ դասավանդողները, և՛ սովորողները, և՛ տնօրենը: Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ: Մի բան ևս, որ տվել է ինձ կրթահամալիրը և շարունակում է տալ երեք տարեկանից սկսած իր բոլոր սովորողներին, հայկական մշակույթը (երգ, պար) ճանաչելու, սիրելու, պահպանելու և տարածելու շնորհքն է: Ես վստահ եմ, որ աշխարհի որ անկյունում էլ որ լինեմ, հենց լսեմ մեր՝ ավանդական դարձած «Ծաղկաձորին» կամ «Վերվերին» միանգամից շուրջպար կբռնեմ ու չիմացողներին էլ կսովորեցնեմ: Դա քիչ բան չէ, դա սովորողի մեջ հայրենասիրություն սերմանելու շատ լավ միջոց է: Հիմա արդեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանող եմ համարվում և վստահ եմ, որ իմ հետագա կյանքում ևս, շատ առիթներ կունենամ դպրոցովս հպարտանալու համար: Հրաժեշտ չեմ տալիս, փոխարենն ասում եմ՝ մինչ նոր հանդիպում: